Իրանական կողմը պատրաստ է երկխոսության գնալ ԱՄՆ ցանկացած հաջորդ նախագահի հետ միջուկային գործարքի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ելնելու ենք նրանից, թե ինչ քաղաքականություն է վարելու նոր կառավարությունը Միացյալ Նահանգներում` անկախ նրանից, թե որ կուսակցությանն է այն պատկանում: Երկխոսության շրջանակը հստակ է` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)»,- ասել է նա: Ասուլիսը հեռարձակել է PressTV-ն: Խաթիբզադեն հավելել է, որ «[ամերիկյան] երկու կուսակցություններն էլ գիտակցել են, թե որքան ձախողված էր իրենց քաղաքականությունը, եւ նրանք չհասան իրենց նպատակներին»:
Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ համընդհանուր ընտրություններում կընտրվեն նախագահ եւ փոխնախագահ, 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Նախագահի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը:
Միջուկային գործարքի ապագան կասկածի տակ էր դրվել 2018-ի մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ նավթի արտահանման ոլորտում Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո: Ըստ Թեհրանի` մնացած մասնակիցները, առաջին հերթին` եվրոպացիները, լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: Այս կապակցությամբ Իրանը անցել էր ուրանի հարստացմանը եւ հետազոտական գործունեությանը վերաբերող իր ստանձնած պարտավորությունների փուլային կասեցմանը ԳՀՀԾ-ի շրջանակներում, իսկ հունվարի սկզբին հայտարարեց այդ գործընթացի ավարտի մասին:





























