Թուրքիայի իշխանությունները ակտիվորեն փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տալ կրոնական բնույթը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս Էրդողանի նախաձեռնել են Ղարաբաղում դիմակայության նոր գալար, ընդ որում՝ այս անգամ փորձելով հակամարտության մեջ ներգրավել է՛լ ավելի մեծ թվով կողմերի։ Կան մի շարք շատ վտանգավոր միտումներ։ Ֆրանսիայում ողբերգական իրադարձությունները անմիջական առնչություն ունեն Արցախի դեմ ագրեսիային․ Էրդողանի ղեկավարած ահաբեկչական խմբավորումները դրանով փորձում են ճնշում գործադրել Ֆրանսիայի վրա։ Ֆրանսիայի ղեկավարությունը բավականաչափ կոշտ է արձագանքել նախագահ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի վիրավորական հայտարարություններին։ Ռուսաստանից հետո Ֆրանսիան բավականին հաստատուն եւ հստակ հասկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորում չի տեսնում, որ սա Թուրքիայի ագրեսիան է, եւ որ Թուրքիան գրոհայինների է տեղակայում եւ այլն։

Ի՞նչ արեց Էրդողանը։ Նա, փաստորեն, օգտվեց Ֆրանսիայում խոսքի ազատությունից, չնայած այս հասկացությունը բավականին առաձգական է։ Տխրահռչակ Charlie hebdo պարբերականի վարած քաղաքականությունը վրդովեցուցիչ է եւ կապ չունի ժողովրդավարության հետ։ Հարկավոր է ստուգել՝ պարբերականն արդյոք չի՞ ֆինանսավորվում Թուրքիայի կողմից։ Ամսագիրը տպագրում է նողկալի ծաղրանկարներ, միաժամանակ վիրավորում է քրիստոնյաների եւ մուսուլմանների զգացումները։ Սա անթույլատրելի է։ Փաստորեն, նրանք խաղարկում են Էրդողանի հետ։ Մակրոնի թեզն այն մասին, որ Ֆրանիայում պետք է լինի չափավոր իսլամ, Թուրքիայի հետ կապված ծայրահեղական բնույթի կազմակերպությունները պետք է պետությանը ենթակա լինեն, զրոյանում է ամսագրի գործողություններով։ Էրդողանը Մակրոնի նախաձեռնությունն արգելափակել էր անձամբ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումից հետո։ Հրապարակումը նրան հնարավորություն տվեց սկսելու կեղտոտ եւ վտանգավոր քաղաքականություն, հաղորդել կրոնական երանգ, խաղալ մուսուլմանների զգացումների վրա։ Անկարայի մանիպուլյացիաները ոչ մի ընդհանուր բան չունեն իսկական իսլամի հետ։ Ինքն Էրդողանն է հենց Իսլամի պատվիրանների, Ղորանի դրույթների գլխավոր խախտողը։ Իսլամում կեղծ վկայությունը դասվում է մեծագույն մեղքերին (քաբաիր), ինչի մասին Մուհամմեդ մարգարեն բազմիցս կրկնել է։ Էրդողանը մանիպուլյացիայի է ենթարկում իսլամական հավատը իր նեղ ազգայնական եւ ահաբեկչական նպատակներին հասնելու համար։ Եթե դիտարկենք բուն Արցախը, Ղորանում ոչ մի տեղ չի ասված, որ անհրաժեշտ է քրիստոնյաներին ոչնչացնել։ Գերեվարված ահաբեկիչը հայտարարել է՝ մեզ այստեղ են ուղարկել, որ պատերազմենք անհավատների դեմ։ Ղորանում ոչ մի տեղ այդպիսի պահանջ չկա, այն ամենեւին չկա։ Հակառակը՝ քրիստոնյաները, ինչպես հուդաները եւ զրադաշտականները Գրքի մարդիկ են։

Հիսուսը (Իսլամում Իսա) ընդհանրապես Իսլամի մեծագույն մարգարեներից մեկն է, եւ հենց նա պետք է իրականացնի ահեղ դատաստանը։ Հենց նա պետք է վերացնի Դաջժալին՝ հակաքրիստոսի մուսուլմանական նմանակը, որը ներկայանալու է որպես Իսա։ Իր համբարձվելու ժամանակ (միրաջ) Մուհամմեդը փորձել է ավելի լավ զննել Իսա մարգարեին, որ նրան չշփոթի Դաջժալի հետ։

Այսինքն՝ ոչ մի մուսուլման իրավունք չունի քրիստոնյայի վրա ձեռք բարձրացնլու միայն հավատի պատճառով։ Առավել եւս, որ Ղորանը անթույլատրելի է համարում սրբավայրերի ոչնչացումը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ի՞նչ է անում Էրդողանը։ Կրկին մզկիթի է վերածում «Այա Սոֆիա» տաճարը, ինչի անհրաժեշտությունը չկա, փորձում է ոչնչացնել Շուշիի Ամենափրկչի եկեղեցին։ «Սա ի՞նչ է, եթե ոչ կեղծ վկայություն։ Ղարաբաղ-Արցախը ընդհանրապես Իսլամի պատմության մեջ հատուկ տեղ ունի։ Ովքեր չգիտեն, հիշեցնեմ։ Եթե Ղարաբաղը չլիներ, ապա 10-րդ դարում իսլամը որպես կրոն կդադարեր գոյություն ունենալ։ Այստեղ էր գերեվարված Բաբեքը՝ մարդ, որը մտադիր էր Արաբական խալիֆայությունում իսլամը ոչնչացնել, եւ դրան բավականին մոտ էր։ Հենց նրա գերեվարումն է իսլամին գոյատեւելու հնարավորություն արել։ Էրդողանն ինքը ու Ալիեւը խախտում են Իսլամի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ իրենց իսկ կրոնի պատմությունը։ Ի՞նչ կապ ունի այստեղ կրոնական բաղադրիչը։ Կատարվում է հասարակ մուսուլմանների զգացումների մանիպուլյացիա։ Մենք շնորհակալ ենք մուսուլմանական շատ երկրների, որոնք 1915 թվականին մեզ ապաստանել են՝ Սիրիային, Հորդանանին, Եգիպտոսին, Իրաքին, Իրանին, մենք ինչպե՞ս կարող ենք այս ամենը մոռանալ։ Նրանք գնդակոծել են Շուշիի մզկիթը, որովհետեւ այն շիական է, իրանական։ Նրանք առաջնագիծ են ուղարկում ազգային փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին։ Նրանք, ի՞նչ է, մուսուլմա՞ն չեն։ Նրանք այլ ազգի, այլ էթնիկ խմբի ներկայացուցիչներ են, Բաքվում ցանկանում են ոչնչացնել նրանց եւս՝ վախենալով, որ վաղը այնտեղ էլ կարող են առաջանալ ազգային-ազատագրական շարժումներ, ուստի ազգային փոքրամասնություններին ճնշում են։ Ահա, թե որն է խնդիրը»,- արձանագրեց Արցախի նախագահի խորհրդականը։