Այսօր Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի, զորամիավորման 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցը ունենալ եւ աշխարհին ցույց տալ, որ մենք կռվում ենք վարձկանների դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, կամավորական այս երկու ստորաբաժանումների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մեր այն 5 հոգիանոց խումբը առավոտյան շատ շուտ կարողացել են գնալ այդ համարձակությանը՝ խախտելով ինձ հետ պայմանավորվածությունը: Երբ որ Ալեքսեյ Բալայանը երեկոյան ինձ զանգել, ասել է, որ առաջներս կան այդ վարձկաններից եւ մենք ուզում ենք գնալ ու ապացույց բերել, ես կատեգորիկ արգելել եմ, ասել եմ՝ ռիսկի չդիմեք: Իսկ առավոտյան արդեն 7-ի կողմերը կապ է հաստատել, ասել է՝ մեկին գերեվարել ենք, մեկին էլ հնարավորություն ունենք գերեվարելու: Ես ասացի՝ այդ հնարավորությունն էլ չօգտագործեք, որովհետեւ ձեր կյանքը շատ ավելին է, քան ցանկացած վարձկան գերելը: Դրա համար այդ 5 հոգուն ուզում եմ պարգեւատրել հիմա»,-ասաց նա:
Ռազմական գործողությունների ընթացքում, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար, նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտական խաչ առաջին աստիճանով պարգևատրեց Վլադիմիր Բալայանի անվան կամավորական ջոկատի անդամներ Ալեքսեյ Բալայանին (Վլադիմիր Բալայանի որդուն): Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով բարգեւատրվեցին Արմեն Բաղունցը, Արթուր Մնացականյանը (Ներքին հոռաթաղի գյուղապետ), Հարութ Խաչատրյանը, Գարիկ Գալստյանը:
«Դուք առաջադրանքները փայլուն կատարել ենք, դեռ ունենք անելիքներ, դեռ շարունակելու եք: 10 մլն ազգը նայում է ձեզ, ուզում եմ ոգեւորեք բոլորին: Ունենք լեգենդար հրամանատարներ, գեներալներ: Մենք ունենք հրամանատար, ունենք դիվիզիայի հրամանատարներ, բայց ունենք նաեւ ձեզ նման աշխարհազոր, կամավորականներ, խորանհվում եմ բոլորիդ առջեւ»,-ասաց Արցախի նախագահը:
Նշենք, որ միջացառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը:











