Առայժմ 2021 թվականի նախագծով ծախսերի համար նախատեսված միջոցների վերաբաշխման, վերանայման հարց չի քննարկվում: Պարգեւավճարների ֆոնդի վերանայման որեւէ հարց օրակարգում եւս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ ծախսերի համար նախատեսված միջոցների վերաբաշխումն ու վերանայումը կնշանակի փոխել այս կամ այն ոլորտի քաղաքականությունը:

«Ծախսը փող չի միայն եւ թիվ չի, որը պետք է կրճատել: Այդ ծախսերի տակ ընկած է քաղաքականություն որեւէ ոլորտի: Հետեւաբար, երբ մենք խոսում ենք ծախսերի վերանայման մասին, ենթադրվում է, որ մենք երկու գործոն ենք հաշվի առնում. առաջինը, որ քաղաքականությունն ենք վերանայում, ասում ենք՝ «այլեւս մեր երկում էս կոնկրետ միջոցառման շահառուները չպիտի լինեն այ այս մարդիկ կամ պիտի լինեն այ այս մարդիկ»:

Երկրորդը, որ նրանք պիտի այս ծառայությունը այս չափով ստանան: Դա հանգեցնում է հաշվարկի փոփոխության: Եւ հաջորդ խումբը արդյունավետությունն է կոնկրետ այս կամ այն միջոցառման», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ պարգեւավճարները այս պահի դրությամբ միջանկյալ լուծում են, որով «փորձ է արվում մեղմել պետական կառավարման համակարգում առկա իրավիճակը»:

«Իսկ պետական կառավարման համակարգում հարցի վերջնական լուծումը ենթադրում է ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխման կամ համաչափ բաշխման եւ աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության հավասարակշռված համակարգի ներմուծում: Քանի դեռ դա չկա, դա լուրջ խնդիր է», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը, ավելացնելով, որ, իր կարծիքով, այս պահի դրությամբ այս համակարգում ոչ ծանրաբեռնվածությունն է հավասար բաշխված, ոչ էլ վարձատրությունն է համարժեք: - «Դրանով էլ պայմանավորված է, որ դա որպես օրակարգային ձեւակերպված է եւ այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում»:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք ինքը ստացել է պարգեւավճար, նախարարը պատասխանեց. «Ես իրավունք ունեմ իմ անձնական տվյալները հրապարակել այն ժամանակ, երբ օրենքով պարտավորված եմ հրապարակել»: