«Իշխանությունները չէին ուզում հավատալ իրենց ասածներին եւ տեսնել այն, ինչ հիմա կատարվում է»,-այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 20:12 րոպեին դուրս գալով Արթիկ քրեակատարողական հիմնարկից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը (Ֆոտոռեպորտաժ):
Նա ասաց, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքին մասնակցելը եւ պայքարելը հանուն Հայաստանում ժողովրդավարության հաստատման:
«Ես ընդհատակում էլ, գաղութում էլ տարել եմ իմ պայքարը եւ մեկ վայրկյան անգամ չեմ կասկածել հաղթանակին: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են մեր երազած ազատ ու երջանիկ երկրում»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը՝ նկատելով, որ այն Հայաստանում արտահերթ ընտրությունների հնարավորություն կստեղծի եւ այդ ընտրություններով հնարավոր կլինի ժողովրդավարություն հաստատել երկրում:
«Անընդհատ խոսում են, ինչ որ գործարքի մասին: Հավատացած եղեք, որ եթե գործարքի գնացող լինեինք, շուտ կգնայինք: Հավատացեք, որ այդ գործարքը եթե ոչ ամեն օր, ապա ամիսը գոնե մեկ անգամ առաջարկել են անձամբ ինձ»,- նշեց Փաշինյանը, հայտարարելով, որ պայքարելու են այնքան, որքան կպահանջվի վերջնական հաղթանակի հասնելու համար:




























