2021 թվականին պետբյուջեից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար ծրագրվում է հատկացնել 9,1 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Դրանից 1,1 մլրդ դրամը կհատկացվի ապարատի պահպանման համար:

«2021 թվականին նախարարության աշխատանքն ուղղված կլինի 3 հիմնական ուղղությունների իրականացմանը: Առաջինը ռազմարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական ծրագրերի զարգացումն է, տեխնոլոգիաների ներդրումը, արտադրական ներուժի զարգացումն ու ընդլայնումը, սերիական արտադրության եւ լուծումների արտահանման համար մեխանիզմների ստեղծումը»,-նշեց Արշակյանը:

Նախարարի խոսքով՝ երկրորդը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ինժեներական էկոհամակարգերի զարգացումն է, Հայաստանի ամբողջ տարածքում նպատակաուղղված կրթական ծրագրերի իրականացումը, արտասահմանում հայկական ծագման բարձր տեխնոլոգիական արտադրանքի պատշաճ ներկայացման համար համապատասխան հարթակների ձեւավորումը եւ այլն:

Երրորդը արտասահմանում մեր արտադրանքի եւ լուծումների ներկայացումն է, արտադրական ծավալների մեծացումը, տնտեսական վերահսկողության համակարգի թվայնացումը եւ այլն: