Հաշվի առնելով, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության 2021 թվականի հիմնական նպատակներից մեկը կլինի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացումը` գերատեսչությունը մտադիր է հաջորդ տարի համապատասխան պիլոտային նախագիծ գործարկել: Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը պարզաբանեց, որ արտադրողականության բարձրացման նպատակի հիմքում ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինումը եւ հմտությունների զարգացմանն ուղղված գործունեության իրականացումն են: Դրանում, ըստ Խաչատրյանի, կցուցաբերվի կառավարության անվերապահ աջակցությունը:

«Մենք որոշեցինք 2021 թվականին օժանդակություն տրամադրել այն ձեռնարկություններին, որոնք ներդրումներ կկատարեն տեխնոլոգիական վերազինման մեջ: Այս ծրագիրն Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի ռազմավարության մեջ էր, սակայն հասկանալի պատճառներով այն չհաջողվեց իրականացնել: Կառավարության աջակցությունը կտրամադրվի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով` այս ծրագիրը 2021 թվականին գործելու է փորձնական ռեժիմով: Իսկ դրա ամբողջական իրականացումը նախատեսված է 2022 թվականին: