Թուրքիան միջամտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ սեփական նպատակները հետապնդելով: Եվ նման երկարաժամկետ նպատակներից է Եվրոպայի վրա ճնշումը: Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Սարգսյան խոսքով՝ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունն այսօր ահռելի է: Խոստանալով Բաքվին օգնություն հակամարտության ռազմական կարգավորման հարցում՝ Անկարան հույս ունի փոխարենը ուժգնացնել հարեւան երկրում ռազմական եւ քաղաքական ներկայությունը:
«Թուրքիան ոչ միայն ցանկանում է պաշտպանել իր նավթատարներն Ադրբեջանում, այլ նաեւ ցանկանում է կառավարել դրանք: Արեւմուտքը պետք է հասկանա, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է վերահսկողություն գազի եւ նավթի վրա, որն անցնում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա: Իսկ Թուրքիայի ամբողջական վերահսկողությունը էներգակիրների վրա կհանգեցնի նրան, որ Եվրոպան ինչ-որ իմաստով կդառնա Թուրքիայի պատանդը»,-կարծիք է հայտնել Սարգսյանը:
«Պնդում էին, թե Հայաստանը մտադիր է հարվածել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի ուղղությամբ, սակայն դա անհեթեթություն է: Եթե հայերը մտադիր լինեին հարվածել այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, դա կանեին 20 տարի առաջ՝ ցույց տալով, որ առանց Հայաստանի չի կարելի կառուցել խողովակաշարեր: Սակայն հայերը դա չարեցին: Խողովակաշարը կառուցվեց, մոտ 20 տարիների ընթացքում ոչ մի փամփուշտ չուղղվեց այդ ուղղությամբ, իսկ Ադրբեջանը միլիարդներ կուտակեց: Եվ այդ միլիարդները ծախսվեցին զենք գնելու համար, որը ոչնչացնում է հայ երեխաներին, տատիկներին»,-ասել է ՀՀ նախագահը:
Նա նաեւ կասկածի տակ է դրել այն, որ Անկարան պնդում է, թե ի դեմս ադրբեջանցիների պաշտպանում է իր էթնիկ եղբայրներին: «Սակայն էթնիկ եղբայրներ Ռուսաստանը նույնպես ունի՝ ամբողջ Եվրոպայի սլավոնները: Թուրքիայի էթնիկ եղբայրներն Ադրբեջանից հասնում են մինչեւ Մոնղոլիա, Չինաստան: Դա նշանակու՞մ է, որ նա ապագայում իրեն նույն կերպ պետք է պահի, եթե մտածի, որ իր էթնիկ եղբայրներին ինչ-որ բան է սպառնում»,-նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նորմալ է, որ Մոսկվան իր շահերն ունի Անկարայի հետ հարաբերություններում: «Դրանում ոչ մի վտանգ չեմ տեսնում: Հակառակը, Ռուսաստանն այն երկիրն է, որն ի վերջո կարող է արմատապես փոխել Լեռնային Ղարաբաղում ներկա ռազմական իրավիճակը դիվանագիտության եւ կողմերի վրա ճնշում գործադրելու ճանապարհով»,-հավելել է ՀՀ նախագահը:





























