Մանրածախ առեւտրի աշխարհի խոշորագույն Walmart ցանցի որոշ խանութներում առեւտրի սրահներում ռոբոտներ էին շրջում՝ օգնելով աշխատակիցներին ստուգել, թե որ դարակներում են ապրանքները վերջանում: Սակայն ընկերությունը վերջերս որոշել է դադարեցնել պայմանագիրը ռոբոտ արտադրող Bossa Nova Robotics-ի հետ այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ մարդիկ նույն գործերն ավելի արդյունավետ կարող են անել, գրում է HighTech+ - ը:
Համավարակի ընթացքում ցանցի խանութներում վաճառքները զգալիորեն աճել են, երբ ամերիկացիները սկսել են զուգարանի թուղթ, պահածոներ, մաքրող միջոցներ եւ սեղանի խաղեր գնել: Երկրորդ եռամսյակում վաճառքները գրեթե կրկնապատկվել են: Սա Walmart-ի առջեւ նոր խնդիր է դրել` արագ լցնել դատարկ դարակները եւ հետեւել, որ առաջնային պահանջարկ ունեցող ապրանքները միշտ հասանելի լինեն:
Walmart-ի ներկայացուցիչն ասել է, որ պայմանագրի ավարտի պահին ընկերության խանութներում շուրջ 500 ռոբոտներ էին կատարում իրենց առաջադրանքները: Ընկերությունը մշակել է ապրանքների արագ ցուցադրման մի քանի պարզ եւ շահավետ մեթոդներ, որոնք հնարավոր է անել մարդկային աշխատանքի միջոցով: Բացի այդ, US Walmart-ի գործադիր տնօրեն Ջոն Ֆերների խոսքով, ընկերությունը մտահոգված էր ռոբոտների նկատմամբ գնորդների արձագանքով:
Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ Walmart-ը անտեսում է տեխնոլոգիաները եւ վերադառնում առեւտրի ավանդական սխեմային: Ընկերությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ չորս խանութների բազայի հիման վրա կստեղծի թվային առեւտրի լաբորատորիաներ, որտեղ պատվերների կատարման եւ պահեստների համալրման օպտիմալացման տարբեր ռազմավարություններ կուսումնասիրի:





























