Հակամարտությունների, այսպես կոչված, համընդհանուր ցուցանիշներ հաստատելու փորձերը, որոնք թույլ են տալիս երրորդ երկրներին միջամտել այլ պետությունների ներքին գործերին, զգուշություն են առաջացնում: Այս մասին ասվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Խաղաղության կառուցում եւ խաղաղության պահպանում. հակամարտությունների եւ անկայունության ժամանակակից գործոններ» թեմայով տեսակոնֆերանսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթում, որն ընթերցել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհանգստացնող են, ի դեպ, հակամարտությունների ինչ-որ «համընդհանուր ինդիկատորների» հաստատման հաճախակիացող փորձերը, որոնք հնարավորություն են բացում չարաշահումների եւ ներքին գործերին միջամտելու համար` «անցանկալի» կառավարությունների վրա ճնշում գործադրելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում:
Ըստ Լավրովի՝ խոսքը, մասնավորապես, «մարդու իրավունքների ոտնահարումները որպես ճգնաժամային իրավիճակների գրեթե գլխավոր նախապայման ներկայացնելու ձգտման մասին է»: «Ելնում ենք նրանից, որ հենց զինված հակամարտությունների հաջող լուծումը եւ հակամարտող կողմերի հաշտեցումը հիմք են դնում իրավապաշտպան իրավիճակը շտկելու, ինչպես նաեւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնապահպանական ու այլ խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նախարարը:
«Մենք չենք ժխտում այդ հարցերի փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համատեքստում: Սակայն ելնում ենք նրանից, որ, օրինակ, տնտեսական ցնցումները ինքնաբերաբար անվտանգության դեֆիցիտ են առաջացնում եւ հակառակը»,- ամփոփել է ՌԴ արտգործնախարարը: «Բացի այդ, սկզբունքորեն կարեւոր ենք համարում աշխատանքի բաշխումը Համաշխարհային կազմակերպության համակարգի հիմնական մարմինների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը պետք է խստորեն գործի իր մանդատի շրջանակներում»:





























