Առավոտյան թշնամին բոլոր ուղղություններով շարունակել է հարձակումը: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մարտունուց հարավ հակառակորդը, օգտագործելով զրահատեխնիկա, հրետանի եւ օդուժ, փորձել է առաջ շարժվել, բայց հետ է շպրտվել՝ կրելով լուրջ կորուստներ:

Դրանից հետո հայկական կողմը, օգտագործելով հրետանի, շարունակել է ոչնչացնել թշնամուն: Բացի այդ, հակառակորդը, օգտագործելով ծխի քող, փորձել է թափանցել Քարվաճառի միջդիրքային գոտի, բայց նույնպես ոչնչացվել է»,- ասել է նա: Նա հավելել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձերը նույնպես շարունակվել են, մասնավորապես, Թագավարդ գյուղի ուղղությամբ: «Հակառակորդի կորուստները ազդում են նրա մարտական ներուժի եւ, համապատասխանաբար, մարտերի ինտենսիվության վրա: Դրանք այնքան ծանր չեն, որքան առաջին օրերին: Որոշ տեղերում հաջողվում է հետապնդել թշնամուն»,- եզրափակեց Հովհաննիսյանը: