Զինյալ մեկ վարձկանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս վարձկանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ տեղակալ Արթուր Մելիքյանը։

«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նշանակությունը մեծ է, ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով։ Այս գործով ձեռք բերված ապացույցները նախաքննության միջանկյալ եւ ավարտական փուլերում կօգտագործվեն, իմ կարծիքով՝ ինչպես քաղաքական դաշտում քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում։ Համբերատար սպասեք եւ կտեսնեք՝ ինչ ապացույցներով ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ այս պահին ՔԿ-ն համագործակցում է ՀՀ ԱԱԾ-ի հետ. «ԱԱԾ-ի խողողովակներն այդ առումով ավելի ընդլայնված են։ Այս պահի դրությամբ չեմ բացառում, որ վաղը մենք որեւէ երկիր քննչական պահանջ կուղարկենք։ Այս պահի դրությամբ դեռ այլ պետությունների հետ չենք աշխատում, բայց նախատեսում ենք»։

ՔԿ տեղակալն ասաց, որ քրեական գործով սկզբնական բայց շատ ակտիվ փուլում են գտնվում. «Շարունակական ակտիվ աշխատանքներ են տարվում»։

«Ես չեմ բացառում, որ վաղն ունենանք 4-5 հետախուզվող մեղադրյալ։ Գիտեք, որ հնչում են անուններ, նրանց վերաբերյալ ապացույցներ հավաքելուց հետո ներգրավվելու ենք որպես մեղադրյալ, անկախ նրանից՝ Հայաստանում կլինեն, թե ոչ»,- ասաց Մելիքյանը։

Անդրադառնալով առաջնագիծ մեկնելու հարցին՝ Մելիքյանն ասաց, որ մոտ 180 քննիչներ կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար. «Հենց առաջին վաշտը մեկնել է, Հայկ Գրիգորյանը նրանց հետ մեկնել է։ Գրիգորյանն անձամբ է ղեկավարում կոմիտեի կամավորների աշխատանքը»։

Մելիքյանը նշեց, որ կան կամավորագրված քննիչներ, որոնց դեռ թույլ չեն տալիս մեկնել առաջնագիծ. «Դատավարական առումով հրատապություն պահանջող գործառույթներ կան անելու, կկատարեն, հետո կմեկնեն»։