Երեւանում այսօր` մայիսի 28-ին Սարի Թաղի երկրորդ շարքի նորակառույց ճանապարհի վրա տարածքի սեփական տների բնակիչները` հիմնականում տարիքով կանայք, իրենց մանկահասակ երեխաների հետ փակել են ճանապարհը (Ֆոտոռեպորտաժ):
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառն այն է, որ այս ճանապարհի կառուցելուց ի վեր բազմաթիվ ավտովթարներ են լինում, որոնք հաճախ ավարտվել են նաեւ մահվան դեպքերով: Դա խոստովանում են նաեւ ոստիկանության աշխատակիցները:
Քիչ առաջ այստեղ ավտովթար է տեղի ունեցել. Mercedes մակնիշի 08 ՍՕ 080 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բարձր արագությամբ վարելով մեքենան, բախվել է Mercedes մակնիշի 14 ՕՍ 331 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախման արդյունքում բախվել է տներից մեկի պատին եւ հայտնվել մայթին: Այդ հարվածի հետեւանքով տան պատը փլուզվել է:
Ներկայումս դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունիի բաժնի աշխատակիցները` տեղամասային տեսուչների պետ Դոյդոյանի գլխավորությամբ:
Նրանք փորձում են բնակիչների մի մասին համոզելով, մյուս մասին բռնություն կիրառելով` հրելով հեռացնել փողոցից:
Մարդիկ հրաժարվում են բացել ճանապարհը եւ պահանջում են, որ դեպքի վայր ժամանեն քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները:
Բնակիչները երկար նստարաններ (իշաոտնուկ) են դրել եւ կանայք իրենց մանկահասակ երեխաների հետ նստած են:
Այստեղ է ժամանել նաեւ ՃՈ հետաքննիչը, ով վթարի վայրում քննչական աշխատանքներ է կատարում:
Նշենք, որ դեպքի վայրում գտնվող ոստիկանական մեքենաներից ոստիկանները դուրս են բերում մահակներ, եւ հավանական , որ մահակներով կփորձեն ցրել բնակիչներին ու բացել ճանապարհը: Նշված փողոց են ժամանել նաեւ ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները` գնդի հրամանատար Վալեի Օսիպյանի գլխավորությամբ, ովքեր փորձում էին փողոցը փակած մարդկանց համոզել` բացել ճանապարհը:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























