Երեւանում այսօր` մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնած «Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացումը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ցուցահանդեսի մասնակիցներին եւ հյուրերին Հանրապետության օրվա առթիվ, նշել է, որ հայ երիտասարդը տարբերվում է ազգային արժեքների նկատմամբ իր մոտեցումներով։
«Ես հույս ունեմ, որ «Բազե» ակումբի անդամները նույնպես կկրեն այդ պատասխանատվությունը մշակութային արժեքների պահպանման, ներկայացման, քարոզման առումով, ինչն այսօր առավել քան երբեւէ կարեւոր է եւ արդիական։ Մայիսը հաղթանակների մեր ամիսն է, եւ տոնական այս օրը ցանկացած գործում մեր երիտասարդներին մաղթում եմ հաղթանակ»,- նշել է Կ. Ավագյանը։
«Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը նշել է, որ նման միջոցառումներով «Բազե» ակումբը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներին ինքնադրսեւորման հնարավորություն է տալիս. «Միջոցառումը նվիրված է մայիսյան հաղթանակներին եւ արտացոլում է երիտասարդ նկարիչների պատկերացումները հաղթանակների վերաբերյալ։ Ցուցահանդեսը նաեւ հնարավորություն է տալիս երիտասարդ նկարիչներին ներկայանալու հանրությանն իրենց աշխատանքներով»,- նշեց Ս. Մերթարջյանը:
«Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը, ներկայացված են մոտ 20 երիտասարդ նկարիչների ավելի քան 30 նկարներ:



























