Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը այս շաբաթ վաճառել է իր ընկերության ավելի քան 3 մլրդ դոլարի բաժնետոմսեր, փոխանցում է CNBC-ն։

Բեզոսն անցյալ տարի մեծացրել էր բաժնետոմսերի վաճառքը։ Նա օգոստոսին իրացրել էր Amazon-ի ավելի քան 3,1 մլրդ դոլարի բաժնետոմսեր՝ փետրվարին ավելի քան 4,1 մլրդ դոլարի բաժնետոմսեր վաճառելուց հետո։ Այս շաբաթվա վաճառքի արդյունքում 2020 թվականին նրա հասույթի ընդհանուր գումարն անցել է 10,2 մլրդ դոլարից, ինչը 2019 թվականի համեմատ զգալի ցատկ է։

Բաժնետոմսերի նույնիսկ վերջին վաճառքից հետո, նախկինի պես Բեզոսին են պատկանում գրեթե 170 մլրդ դոլարի ավելի քան 53 մլն բաժնետոմսերը, ինչը նրան դարձնում է աշխարհում ամենահարուստ մարդը։

Ավելի վաղ Բեզոսը հայտարարել էր, որ ամեն տարի վաճառում է Amazon-ի մոտ 1 մլրդ դոլարի բաժնետոմսեր՝ իր Blue Origin սթարթափի ֆինանսավորման համար։ Դրանից բացի, փետրվարին Amazon-ի գլխավոր տնօրենը գործարկել էր Earth Fund հիմնադրամը՝ 10 մլրդ դոլարով, կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարի համար, որը դրամաշնորհներ է տրամադրելու գիտնականներին, ակտիվիստներին եւ այլ կազմակերպությունների։