Հայաստանի գլխավոր դատախազի եւ դատավորների միջեւ առկա տարաձայնությունների, նրանց կողմից դատախազի պաշտոնանկությանն ուղղված քայլեր կատարելու մասին լուրերը անհիմն, իրենց դարն ապրած անհեթեթություններ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները:

Նա նշեց, որ դատական համակարգը օրենքով սահմանված կարգով համարվում է  անկախ մարմին եւ ոչ մի պետական պաշտոնյա դատական իշխանության վրա վերահսկողություն իրականացնելու իրավասություններ չունի, այդ թվում եւ գլխավոր դատախազը:

«Ինչ վերաբերում է դատարանների կողմից դատական հայցերի մերժման կամ արդարացման որոշումներ կայացնելուն, ապա դա նորմալ երեւույթ է, քանի որ բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում բոլոր դատավարական քննությունների ժամանակ միշտ լինում են դեպքեր, երբ դատարանը կայացնում է արդարացման վճիռ: Դատարանն ինքն է որոշում` ինչպիսի՞ վճիռներ կայացնի, եւ դատարանների վճիռները պարտադիր կատարման ենթակա են»,-նշեց Տոնոյանը` հավելելով, որ դատարաններն ու դատախազությունը հարաբերվում են միայն օրենքով սահմանված կարգով:

Հետեւապես, ըստ Տոնոյանի, ծիծաղելի է դատարանների կողմից կայացված արդարացման վճիռները դիտարկել որպես դատախազի դեմ ուղղած քայլ, ինչպես դա ներկայացվում է մամուլում: Ինչ վերաբերում է լուրերին, թե «դատավորներն ընդդեմ դատախազի» կոմպանիան ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, ապա այդ լուրերը Շահեն Տոնոյանը որակեց «ջուր պղտորելու անհաջող փորձ, որը ձեռնտու են ինչ-ինչ շահագրգիռ ուժերի»:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, վերջին երկու ամիսներին խիստ լարվել են դատական համակարգի ղեկավարության եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Դատավորները փորձում են հասնել Հովսեփյանի պաշտոնանկությանը: Միայն ընթացիկ շաբաթում, որպես Հովսեփյանի դեմ բողոքի «ակցիա», դատավորները 2 մեղադրական եզրակացություն են մերժել: Մի դեպքում Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն է արդարացման դատավճիռ կայացրել, իսկ վերաքննիչ քրեական դատարանն էլ մեկ այլ գործով մեղադրական դատավճիռը բեկանել եւ ուղարկել է նոր քննության: Ըստ մամուլի հրապարակումների, դատավորների կողմից Հովսեփյանի դեմ սկսված արշավի թիկունքում կանգնած է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, որը սակայն, աշխատում է մնալ աննկատ: