Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի։ Այս մասին նոյեմբերի 5-ին ԱԺ-ում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների ​​խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մասնավորապես հետաքրքրվեց․ «Եթե մենք դիվանագիտության համար ավելի շատ փող ծախսած լինեինք, ապա հնարավո՞ր է, որ այսօր ավելի շատ դաշնակիցներ կունենայինք, որոնք անգամ պատրաստ կլինեին արյուն հեղել մեր կողմում։ Ի՞նչ կարծիքի եք՝ այդպիսի բան հնարավո՞ր էր, թե՞ ոչ»։ Մնացականյանը պատասխանեց, որ չէր փորձի միջազգային հարաբերությունների շրջանակում թերագնահատել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, բայց եւ չէր փորձի գերագնահատել։

«Միայն փողը բավարար չէ։ Եթե համակարգը համապատասխան բարեփոխման չի ենթարկվում եւ չի հետապնդում ներուժի իրապես ծրագրված մեծացում ու ամրապնդում, ապա այդ փողը չի կարող հանգեցնել որեւիցե որակական փոփոխության։ Մենք արդեն ասել ենք, որ Հայաստանի ԱԳՆ բյուջեն բավականին խնայողական է»,- ասաց նախարարը։