ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունում  մի քանի կոնկրետություններ կան:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Նրա խոսքով`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի առաջնորդներին կոչ են արել բնակչությանը պատրաստել խաղաղության: Հայտարարության մեջ ընդգծվում է «հակամարտության բոլոր կողմերը» ձեւակերպումը, ինչը նախագահների ավելի վաղ արված հայտարարություններում չկար:

«Իրենց կոչն ուղղելով ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ հակամարտության բոլոր կողմերին, երեք երկրների առաջնորդները մոտ ապագայում հնարավոր են դարձրել ԼՂՀ-ի մասնակցությունը հարցի կարգավորման գործընթացին: Պաշտոնական Ստեփանակերտը կարող է պնդել բանակցային գործընթացին իր մասնակցությունը` հենվելով նախագահների հենց այս հայտարարության վրա», - վստահ է Աթանեսյանը:

Բացի այդ,  հայտարարության այն մասը, թե ձեւավորված իրավիճակը ուժի կիրառման հետեւանք է, ըստ Աթանեսյանի, վերաբերում է հենց Ադրբեջանին. «Սա եւս մեկ անգամ հաստատում է ԼՂՀ իշխանությունների այն հայտարարությունը, թե շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը Ադրբեջանն է: Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը եւս արժանի արձագանք է գտել երեք նախագահների հայտարարության մեջ, եւ ներկայումս ադրբեջանական դիվանագիտությունը լավագույն օրերը չի ապրում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում նրանք ընդգծել էին, որ  ուժի կիրառումը նոր տառապանքներ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից . «Մենք կողմերին կոչ ենք անում բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»: