ԱՄՆ կառավարությունը Silk Road քրեական առցանց շուկայի հետ կապված գործողության շրջանակում առգրավել է աննախադեպ գումարի՝ 1 մլրդ դոլարի բիթքոին, փոխանցում է CNBC-ն։
Իրավապահ մարմինների կողմից այս շաբաթ առգարվվել է հազարավոր բիթքոին, ինչը արդարադատության նախարարության հայտարարությամբ պատմության մեջ կրիպտոարժույթի ամենախոշոր առգրավումն է։
«Silk Road-ն իր ժամանակի ամենահայտնի քրեական առցանց շուկան է»,- հայտարարել է դատախազ Դեւիդ Անդերսոնը։
Silk Road-ը մարդկանց թույլ է տվել գնել ու վաճառել թմրանյութեր եւ այլ ապօրինի ապրանքներ, ինչպես նաեւ բիթքոինն օգտագործել անանուն կերպով այդ գործարքները ֆինանսավորելու համար։ Դարքնեթի առեւտրային հարթակը ԱՄՆ դաշնային իշխանությունները փակել էին 2013 թվականին, իսկ դրա հիմնադիր Ռոս Ուիլբրիխտը 2 տարի հետո դատապարվել էր ցմահ ազատազրկման։
Լոնդոնի Elliptic վերլուծական ընկերությունն այս շաբաթ հայտարարել էր, որ նկատել է բիթքոինի ծավալուն շարժ՝ հրահրված արդարադատության նախարարության կողմից։ Ընկերությունը հայտնել էր, որ մոտ 1 մլրդ դոլարի 69 369 բիթքոին է դուրս բերվել բիթքոին դրամապանակից, որն աշխարհում մեծությամբ 4-րդ հաշվեկշիռն ունի։
ԱՄՆ գործակալությունները կարողացել են այս միջոցներին հետեւել IRS ստորաբաժանման միջոցով, որը մասնագիտացած է վիտուալ արժույթով գործարքների ուղղությամբ։ IRS գործակալներին հաջողվել է նույնականացնել բիթքոինով 54 նոր գործարք՝ կատարված Silk Road-ում, որոնք, ամենայն հավանականությամբ, այդ ապօրինի գործունեության եկամուտներն են։ Այնուհետեւ գործակալությանը հաջողվել է այդ փողին հետեւել կոնկրետ բիթքոին հասցեով։





























