Սոչիի Վոլկոնկա գյուղում տեղադրված զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը ընդամենը մի քանի օր է կանգուն մնացել:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մայիսի 27 -ի երեկոյան հուշարձանը հանվել է Ռուսատսանի հայերի միության (ՌՀՄ) տեղական բաժանմունքի ղեկավարության նախաձեռնությամբ:
Ըստ թերթի` ՌՀՄ Սոչիի ղեկավարությունն ի սկզբանե փորձել էր թույլ չտալ հուշարձանի տեղադրումը, նույնիսկ փորձ էր արվել այն նվիրել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի հայկական համայքնին, որը կրում է «Անդրանիկ» անունը: Սակայն նախաձեռնողները դա թույլ չէին տվել, եւ հուշարձանը տեղադրվել էր Վոլկոնկա գյուղի տարածքում:
Ներկայումս Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը վրդովված է կատարվածով: Որոշ տեղեկություններով` հարցը ներկայացնելու համար մայիսի 29-ին հայ համայնքի պատվիրակություն է մեկնել Դոնի Ռոստով, որտեղ նախօրեին ժամանել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, լսելով այդ լուրը, ասել է. «Առաջին անգամ եմ լսում այդ ամոթալի արարքի մասին եւ խիստ վրդովված եմ: Հենց վերադառնամ` անձամբ կփորձեմ հասկանել ինչ է կատարվել, եւ եթե տեղեկությունները համապատասխանեն իրականությանը, ապա ամենաարմատական որոշումները կընդունվեն»:



























