«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին տեղեկացրել է արտաքին շուկաներ գազի մատակարարման ծավալների կտրուկ աճի մասին, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Միլլերը նշել է, որ «արտաքին շուկան ռեկորդ է խփում». ընթացիկ տարվա I եռամսյակում հեռավոր արտերկիր գազամատակարարման ծավալը 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազնացել է  12%-ով, ապրիլին` ավելի քան  20%-ով, իսկ մայիսին` 30%-ով:

Ա. Միլլերը դա կապել է Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսիում իրավիճակի, ինչպես նաեւ ճապոնական ատոմային ճգնաժամի հետ:

Այդ կապակցությամբ նա նշել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի առաջին գծի  շահագործումը ժամանակին է:  «Մենք ավարտել ենք ծովային գազամուղի կառուցումը, վերջին խողովակը տեղադրված է: Հոկտեմբեր-նոյեմբերին կիրականացվի առաջին առեւտրային մատակարարումը Արեւմտյան Եվրոպա», -պարզաբանել է «Գազպրոմի» ղեկավարը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ժամանակացույցի համապատասխան են իրականացվում մեկ այլ խոշոր նախագծի`  «Հարավային հոսքի» աշխատանքները: Այս շաբաթ Բրյուսելում տեղի կունենա նախագծի շնորհանդեսը: «Այս նախագիծն, անկասկած, շատ ժամանակակից եւ պահանջված է,  քանի որ Եվրոպայում գազի նկատմամբ պահանջարկը մեծանում է, եւ դա կայուն միտում է », - ընդգծել է Միլլերը: