ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու ժամանակը չէ, երբ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը իրականանալի է թվում մոտ ապագայում: Նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը:
«Համանախագահները հավատում են, որ մինչ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը քիչ ժամանակ է մնացել», -ասել է Ֆրեյզերը, հաղորդում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով, եթե առաջիկա ամիսներին «հիմնարար սկզբունքների» մասով համաձայնագիր չլինի, միջազգային հանրությունն ստիպված կլինի լրջորեն մտածել բանակցային ձեւաչափի եւ ընտրված ռազմավարության արդյունավետության մասին: Այդ համատեքստում ԵՄ-ն իրեն դրսեւորելու հնարավորություն կունենա:
«Եվրամիության շրջանակներում իսկապես քննարկվել է, թե արժե արդյոք Ֆրանսիայի համանախագահին ԵՄ ներկայացուցչով փոխարինել: Սակայն դրա համար անհրաժեշտ է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ մյուս երկու համանախագահների համաձայնությունը»,-ասել է նա:
Ներկա փուլում առկա ձեւաչափում որեւէ փոփոխություն նա քիչ հավանական է համարել:
«ԵՄ-ն դեռեւս որեւէ ռազմավարություն չի առաջարկել, թե ինչպես կարող է աջակցել կարգավորմանը, հատկապես եթե «հիմնարար սկզբունքները» համաձայնեցվեն: ԵՄ-ն պետք է մտածի եւ առաջարկի իր կոնկրետ պլանը»,-ասել է վերլուծաբանը:
Նա կարծիք է հայտնել, որ մինչ «հունիսյան հանդիպումը Մինսկի խումբը կմնա այնպես, ինչպես կա»:
Նշենք, որ հունիսին Կազանում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:




























