Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեին աջակցություն է հայտնել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ կոչ է արել կարգավորել կառավարող շրջանակներում առկա տարաձայնությունները:

Այաթոլլան ընդունել է, որ Ահմադինեժադի ներկայիս կառավարությունն ունի իր թերությունները, որոնք, սակայն, նրան չեն խանգարում նորմալ աշխատել: «Կառավարությունն ու խորհրդարանը պետք է օգնեն միմյանց», - հայտարարել է Խամենեին, գրում է Lenta.ru-ն:

Ապրիլին հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը մտադիր է նախագահին իմպիչմենթ հայտարարել: Արեւմտյան լրատվամիջոցները դա կապում էին Ահմադինեժադի եւ Խամենեիի միջեւ առկա հակասությունների հետ:

Ենթադրվում էր, որ երկրի գերագույն առաջնորդի եւ նախագահի միջեւ հարաբերություններն առավել սրվել էին Ահմադինեժադի` հետախուզության հարցերով նախարար Հեյդար Մոսլեհիին պաշտոնանակ անելու անհաջող փորձից հետո:  Ապրիլին նախարարը նախագահի ճնշման տակ հրաժարական էր տվել, սակայն Խամենեիի որոշմամբ վերականգնվել էր պաշտոնում:

Հարկ է նշել, որ նրանք երկուսն էլ ժխտում էին հակասությունենրի առկայությունը: Ահմադինեժադը Խամենեիին անվանում է ոչ այլ կերպ, քան «հայր»: