Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, երկու առաջնորդները քննարկել են երկկողմ եւ միջազգային հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այսպես, Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ Պուտինն ու Մակրոնը ընդգծել են ահաբեկչության դեմ՝ իր բոլոր դրսեւորումներով, պայքարելու իրենց վճռականությունը:

Նաեւ Ռուսաստանի ղեկավարը մանրամասն տեղեկացրել է իր գործընկերոջը այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուտափույթ հաստատման եւ բանակցությունների վերսկսման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող ռազմական լայնամասշտաբ բախումների եւ դրանում Սիրիայից ու Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը եւ Մակրոնը մտքեր են փոխանակել ներուկրաինական խնդրի վերաբերյալ եւ մատնանշել են Մինսկի «Միջոցառումների փաթեթի» եւ «նորմանդական ձեւաչափով» ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման անհրաժեշտությունը: