Ներկայիս ամերիկյան վարչակազմը` Իսրայելի եւ Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների համաձայնությամբ, պատրաստվում է մինչեւ հունվարի 20-ը պատժամիջոցների մեծ փաթեթ կիրառել Իրանի դեմ: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Axios լրատվական պորտալը` վկայակոչելով իսրայելական աղբյուրները: Այսպիսով, ԱՄՆ ներկայիս իշխանությունները, ցանկանում են պատժամիջոցները կիրառել մինչեւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելը, ով, ըստ ԶԼՄ-ների գնահատականների, հաղթել է նախագահական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վենեսուելայի եւ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կիրակի ժամանել է Իսրայել եւ հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյր Բեն Շաբաթի հետ` պատժամիջոցների ծրագիրը քննարկելու համար,- նշվում է հայտարարության տեքստում:- Նոյեմբերի 9-ին Աբրամսը կհանդիպի պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ` նրանց ծրագրի մասին տեղեկացնելու համար»:
«Թրամփի վարչակազմը կարծում է, որ պատժամիջոցների նման քանակությունը կբարձրացնի ճնշումն Իրանի վրա եւ կդժվարացնի Բայդենի համար 2015-ի միջուկային գործարքի (Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնումը,- նշվում է հրատարակության մեջ:- Մի քանի օր առաջ Աբրամսը փակ ճեպազրույցում ասել էր, որ վարչակազմը մտադիր է ամեն շաբաթ հայտարարել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին մինչեւ 2021 թվականի հունվարի 20-ը»:
Ակնկալվում է, որ միակողմանի սահմանափակումները կարող են ազդել Իրանի հրթիռային ծրագրի վրա, կապված կլինեն նաեւ Թեհրանի կողմից ահաբեկչական կազմակերպություններին ենթադրյալ աջակցության եւ մարդու իրավունքների խախտումների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ծրագրում է նոյեմբերի 18-ին այցելել հրեական պետություն, ինչից հետո մտադիր է մեկնել տարածաշրջանի այլ երկրներ:





























