«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Հավուց Թառի վանական համալիրի (X դար), Աղջոց վանքի (XIII դար) եւ Կաքավաբերդ ամրոցի (IX դար) ամեն այցելու պետք է վճարի 3500 դրամ: Հենց այդքան գումար է պահանջում վերոնշյալ հնավայրեր մեկնողներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցը` «ճանաչողական այցի թույլտվություն» տրամադրելու պատրվակով:

Գիտակցելով հանդերձ պետական արգելոցի կարգավիճակով սահմանված բոլոր առանձնահատկությունները, այնուամենայնիվ, դժվար է արդարացնել սրբատեղիներ այցելելու համար գումար գանձելու քաղաքականությունը:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է առանց այդ էլ ֆինանսապես անապահով հայրենանվեր երիտասարդ արշավորդներից գումար գանձելը որպես Հայաստանի պատմամշակութային վայրերի ճանաչմանն ուղղված խոչընդոտ:

Նախաձեռնությունն անընդունելի է համարում Խոսրովի անտառի ղեկավարության հնարամտությունը եւ կոչ անում Մայր աթոռ Սբ. Էջմիածնին, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի եւ բնապահպանության նախարարություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ: