Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների ուղարկումը եղել է ծայրահեղ միջոց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ մարտերի դադարեցման շուրջ։ Երեքշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Կարծում եմ, որ ոչ ոք, իհարկե, չի ցանկանում իր մարդկանց, իր երկրի քաղաքացիներին վտանգել։ Որեւէ երկիր առանց հատուկ ուրախության է խաղաղապահ զորքեր մտցնում։ Այս իրավիճակում մենք այս քայլին ենք դիմել ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ։ Մենք տեսնում ենք, որ գործն արդեն անկանախատեսելի պատահականությունների է գնում»,- ասել է պատգամավորը։

Կալաշնիկովը շեշտել է, որ խաղաղապահները տեղակայվում են ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ: «Քանի որ հակառակ դեպքում մենք սադրանքների կենթարկվեինք եւ այս, եւ այն կողմից: Հիմա այս գիծը (սահմանազատումը) կորոշվի, քիչ թե շատ ինչ-որ փոխհարաբերություններ կկառուցվեն զինադադարի հարցով` թե ինչպես դրան հետեւել: Բայց սա ավելի լավ է, քան մարդկանց մահը»,- շեշտել է խորհրդարանականը:

Նրա կարծիքով` այս իրավիճակը թուլացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Կալաշնիկովը նշել է, որ Փաշինյանը «անկարողությունից, անփորձությունից կամ ընտրական պատճառներից ելնելով» ավելի վաղ քայլեր թույլ տվեց, որոնք ստիպեցին Ադրբեջանին եզրակացնել, որ «բանակցություններ չեն լինելու (Ղարաբաղի հարցով)»: «Իհարկե, դա այժմ թուլացնում է Փաշինյանին, քանի որ նրա բոլոր մտադրությունները, եթե այդպիսիք կային, ձախողվեցին»,- հավելել է նա: