Գարեգին Բ-ն մայիսի 29-ին մեկնել է Դոնի Ռոստով քաղաք, ուր գլխավորել է Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցված 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան եւ Ղազարյան ընտանիքների բարերարությամբ` ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:
Գարեգին Բ-ի կողմից Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին` «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:
Եկեղեցու օծման առիթով նա նորակառույց եկեղեցուն է ընծայել Մայր աթոռ Ս. Էջմիածնից բերված «Աստվածամայրը մանկան հետ» նկար:
Ս. Պատարագից հետո Ռոստովի հայ համայնքի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ: Նույն օրը երեկոյան Գարեգին Բ-ն իր շքախմբի հետ վերադարձել է Էջմիածին:



























