«ԱրմենՏել» ընկերությունը պարգեւատրել է «Իմ համայնքը» թեմայով շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներին: Մրցույթն անցկացվել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցել են Հայաստանի դպրոցների աշակերտներ, որոնց շարադրությունները նվիրված էին իրենց համայնքներին:
ԿԳՆ, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներից կազմված ժյուրին ընտրել է լավագույն 11 շարադրություն` մեկական յուրաքանչյուր մարզից եւ Երեւանից: Եվս երեք աշակերտի, ում աշխատանքները ճանաչվել են ամենապայծառ, շնորհվել է հանրապետական մրցույթի պատվավոր առաջին տեղը: Նրանք են` Վահագն Գալստյանը (Սյունիք), Սոնա Ալեքսանյանը (Գեղարքունիք) եւ Անի Ասլանյանը (Երեւան):
«ԱրմենՏել» ընկերությունից մրցույթի հաղթողները ստացել են նեթբուքեր, իսկ իրենց տարածաշրջանների լավագույն շարադրության հեղինակները` հեռախոսներ եւ հուշանվերներ:
Ազգային պատկերասրահում անցկացված պարգեւատրման արարողությանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ այլ բարձրաստիճան անձիք:




























