Հիմա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը քաղաքական գործընթացի գլխավոր թեման են։ Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Որովհետեւ 5 եւ այնուհետեւ 2 շրջանների վրա Ադրբեջանի վերահսկողության վերականգնման գործընթացը արդեն ինքնին ընթանում է։ Ադրբեջանն այնտեղ ստեղծում է ինչ-որ ժամանակավոր վարչակազմեր եւ այնտեղ վերականգնելու է խաղաղ կյանքը։ Չմոռանանք, որ դեռ պետք է լուծվեն փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցերը ե՛ւ ԼՂ, ե՛ւ նրան հարակից բոլոր շրջաններ, որտեղից մարդկանց այդպիսի տեղահանումը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ եւ հետագայում։ ԼՂ-ի կարգավիճակը հստակեցված չէ, այս մասին ասել է նաեւ նախագահ Ալիեւը։ Մենք ելնում ենք այն բանից, որ կարգավիճակը կորոշվի կախված այն բանից, թե բոլորս ինչ գործողություններ ենք ձեռնարկելու, որ օգնենք վերականգնել Լեռնային Ղարաբաղում էթնոդավանաբանական համաձայնությունը։ Ինչպես դա եղել է երկար տարիներ, մինչեւ այնտեղ ԽՍՀՄ փլուզման ժամանակ պատերազմ սկսվեց, որն ավարտվեց անչափ ողբալի հետեւանքներով, որոնք մենք միայն հիմա ենք ճաշակում։ Կարգավիճակը կարելի է որոշել բացառապես այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչ իրավունքներ են տրամադրվելու բոլոր նրանց, ովքեր ապրել են ԼՂ-ում եւ այնտեղ վերադառնալու իրավունք ունեն, եւ իհարկե՝ նրանց, ովքեր շարունակել են այս ամբողջ ժամանակ այդ տարածքում գտնվել»,- հայտարարել է Լավրովը՝ նշելով այնպիսի կյանքի վերականգնումը, ինչպիսին այն եղել է մինչեւ պատերազմը։ «Դա հեշտ չէ անել եւ ժամկետներ չենք դնում։ Մենք արդեն տեսնում ենք, որ ադրբեջանցի փախստականները հնարավորություն ունեն վերադառնալու Լեռնային Ղարաբաղի հարավ, այդ թվում՝ Շուշի։ Խաղաղապահները նաեւ այս շրջանում են անդորր ապահովելու։ Դրանում շահագրգռված են թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ գործընկերները, եւ մենք, իհարկե, ներգրավելու ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ վերականգնենք մշակութային ժառանգությունը եւ ապահովենք հարգալից վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ին եւ գերագույն հանձնակատարի գրասենյակին, որ օգնեն մարդկանց վերադառնալ իրենց օջախներ եւ նորմալ կյանք հաստատել։ Երբ այս ամենը տեղի ունենա, ես ոչ մի կասկած չունեմ, որ կարգավիճակի հարցը իր սրությունը կարող է կորցնել, եւ ամեն ինչ կարող է կարգավորվել շատ ու շատ արագ եւ սահուն»,- հայտարարել է Լավրովը։