Ազատության հրապարակում, երբ արդեն ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթին հաջորդած փոքր հանրահավաքը, ոստիկանության աշխատակիցները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին, որոնք արդեն պատրաստվում էին տւն գնալ:
Ոստիկանները բարձրախոսով հայտարարում էին, որ հավաքն ապօրինի է, եւ պետք է հեռանալ այդ վայրից, հակառակ դեպքում կկիրառվեն հարկադրանքի միջոցներ:
Ոստիկանները սաղավարտներով ու վահաններով կուռ շղթա են կազմել, իսկ բերման ենթարկվողներին շղթայից ներս են տանում:
Ազատության հրապարակում գտնվողն ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողներին ասաց. «Այս իշխանությունն արդեն ցնդաբանության կանխավարկածով է առաջնորդվում»: Այդ պահին ինչ-որ երիտասարդ ագրեսիվորեն մոտեցավ Իվետա Տոնոյանին՝ ասելով. «Ով է այստեղ միտինգ անում, դո՞ւ ես անում»: Տոնոյանը ստիպված էր դիմել ոստիկաններին՝ «իմ անվտանգությունն ապահովեք, պարոն ոստիկան: Սադրիչներին ու պատգամավորներին սպառնացողներին բերման ենթարկեք»:
Ոստիկանները հեռացրին այդ երիտասարդին, ավելի ուշ ասացին, որ նա բերման է ենթարկվել:
Իվետա Տոնոյանը դիմեց ոստիկանության աշխատակցին. «Ավարտել էինք, ցրվում էինք, ինչի՞ համար սկսեցիք մարդկանց բերման ենթարկել», ինչի ստացավ պատասխան. «Հետո կասենք»։ Տոնոյանը նաեւ տեղեկացրեց, որ իր վրա հարձակվողները ալկոհոլի ազդեցության տակ էին:
















