Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի մայրաքաղաք Աշխաբադում բացել է ալաբայի ոսկե հուշարձանը: Ըստ «Թուրքմենստան սեգոդնյա» պետական լրատվական գործակալության` Բերդիմուհամեդովը նոր շենքերի մի ամբողջ համալիր է բացել, սակայն շենքերն ակնհայտորեն խամրում են հուշարձանի ֆոնին:
Հուշարձանն ունի 15 մետր բարձրություն, 9 մետրանոց պատվանդան, իսկ ինքը` ալաբայը, 6 մետր բարձրություն: Պատվանդանը շրջապատում է էկրանը, որով տեսանյութեր են պտտվում այս ցեղատեսակի շան մասնակցությամբ: Ինչպես գրում է «Թուրքմենստան սեգոդնյա»-ն, հուշարձանը կանգնեցնելու գաղափարը պատկանում է անձամբ նախագահին.
Շանը նվիրված հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը պատկանում է Թուրքմենստանի ղեկավարին` դրանով իսկ հարգանք եւ ակնածանք ցուցաբերելով այս հիանալի կենդանիների անզուգական քաջության եւ բարի սիրտի նկատմամբ, ընդգծելով նրանց դերն ազգի պատմական ճակատագրում եւ նրանց զբաղեցրած տեղը ժողովրդի կյանքում: Ալաբայներին հատուկ բնավորության գիծն արժանապատվությունն է, ինքնավստահությունը, որը շատ արտահայտիչ կերպով փոխանցվել է նոր հուշարձանում:
Թուրքմենստանի ղեկավարը իսկապես շատ է հարգում ալաբայներին. 2017-ին նա Վլադիմիր Պուտինին Վերնի անունով մի քոթոթ էր նվիրել, իսկ 2019-ին նույն նվերն արել էր Դմիտրի Մեդվեդեւին: Անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքմենստանի նախագահը հրատարակել էր «Թուրքմենական ալաբայ» գիրքը եւ համանուն երգ էր ներկայացրել:











