Թուրքիայում ընթացքող «Էրգենեկոն»-ի գործով ընթացքող հերթական 184-րդ դատական նիստի ընթացքում գործով անցնող կասկածյալներից Իսմայիլ Յըլդըզը հայտարարել է, թե Նյու Յորքի երկնաքերերի դեմ 2001-ին իրականցված հարձակումը նախապատրաստվել էր Ստամբուլի քաղաքապետարանում։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Իսմաիլ Յըլդըզը դատարանում պնդել է, թե ինքը ժամանակին գլխավորել է TULE հետախուզական ծառայությունը, որն էլ իրականացրել է նյույորքյան երկնաքերերի դեմ հարձակումը։ «Հարձակման նախապատրաստությունն էլ տեղի է ունեցել Ստամբուլի քաղաքապետարանում»,-նշել է Յըլդըզը։

Այդ ընթացքում դատական նիստը նախագահող Քյոքսալ Շենգյունը սաստել է Յըլդըզին՝  սպառնալով զրկել նրան խոսելու իրավունքից։

Նշենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: