Բելառուսում արտադրվող կոնյակը չի կրելու «հայկական կոնյակ» անվանումը: Այս մասին նշված է Երեւանի Արարատ կոնյակի, գինու եւ օղու գործարանի տնօրեն Մարինե Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարությունում ասված է.
«Հայտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից Բելառուսում կառուցվող կոնյակի գործարանը հայ-բելառուսական հերթական համատեղ նախաձեռնությունն է, որն իրականանում է երկու երկրների օրենսդրությամբ նախատեսված համապատասխան իրավա-պայմանագրային հիմքով:
Ցանկանում ենք հանգստացնել հայկական կոնյակի պատվով «մտահոգ» բոլոր մարդկանց. Բելառուսում արտադրվող կոնյակը չի կրելու «հայկական կոնյակ» անվանումը, եւ արտադրանքը լիովին համապատասխանելու է Հայաստանի ու Բելառուսի օրենսդրությամբ ամրագրված պահանջներին:
Իսկ հայկական կոնյակի պատվով իրապես մտահոգ մարդկանց տեղեկացնում ենք, որ 2002թ-ից ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը լիովին «հողին հավասարված վիճակում» ձեռք բերեց կոնյակի գործարանը, կատարվեցին միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներ, ինչի արդյունքում փրկվեց մեր պատմական հարստությունն ու վերականգնվեցին հայկական կոնյակագործության երբեմնի ավանդույթները: Մեր արտադրած հայկական կոնյակը կարողացավ միջազգային շուկայում իր հաստատուն տեղը գրավել, վերանվաճել իր կորցրած դիրքերը` դառնալով Կրեմլի պաշտոնական մատակարարը:
Ինչ վերաբերում է Բելառուսում կառուցվող կոնյակի գործարանի արտադրանքին, ապա տեղեկացնում ենք, որ բելառուսական կողմի հետ կնքած պայմանագրի համաձայն, այնտեղ շշալցվելու է իրենց ստանդարտներին (СТБ 1386-2003) համապատասխան կոնյակ, որպես հումք օգտագործելով նաեւ Հայաստանում մթերված խաղողի սպիրտը:
Այս նախագծի իրականացումը թույլ կտա էականորեն մեծացնել Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու գործարանի կողմից խաղողի մթերումների ծավալը:
Այդ նպատակով, բացի Արարատի եւ Տավուշի մարզերից, այս տարի Արմավիրի մարզում եւս արդեն կատարվել են մեծ ներդրումներ, ձեռք է բերվել խաղողի մթերման նոր կետ, որպեսզի մեր խաղողագործները կարողանան ժամանակին եւ անկորուստ հանձնել խաղողի բերքն ու վճարումների հետ կապված որեւէ խնդիր չունենան:
Իրականում հայկական կոնյակի պատիվը պետք է այսպես` գործով պահել, քանի որ այն մեր ազգային հարստությունն ու հպարտության առարկան է»:




























