Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անհրաժեշտության դեպքում կօգնի Հայաստանի եւ Ադրբեջանի պետական մարմիններին հարթել փոխգործակցությունը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ եւ միմյանց միջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինն այսօր Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հայտարարվել է այդ կենտրոնի ստեղծման մասին, որը կզբաղվի այդ թվում փախստականների վերադարձի հարցերով: ՌԴ նախագահը նշել է, որ կենտրոնը կփոխգործակցի Ադրբեջանի եւ Հայաստանի պետական մարմինների հետ՝ Ղարաբաղում նորմալ կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու եւ քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու հարցով:
«Կենտրոնը կզբաղվի պետական կառույցների աշխատանքի համակարգմամբ: Լիահույս եմ, որ միջազգային կազմակերպությունները կաջակցեն այդ կենտրոնի աշխատանքին՝ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, Հայաստանի եւ Ադրբեջանի պետական մարմիններին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նրանք ունեն օգնության կարիք, եւ կարծում եմ, որ այդ օգնությունն այսօր տեղին է՝ հաշվի առնելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ եւ միմյանց միջեւ շփումներ հարթելու հարցում հանրապետությունների միջեւ հարաբերությունների բարդ նախապատմությունը»,-ասել է Պուտինը:











