Սլովակիայի հայտնի «Տիժդեն» շաբաթաթերթն իր այսօրվա համարում 12 էջ է նվիրել արցախյան հարցի լուսաբանմանը: Այս խոշոր հոդվածաշարը բաղկացած 4 հոդվածներից, որոնք պարունակում են 12 խոշոր լուսանկարներ կատարված Արցախում, պատրաստվել է հայտնի լրագրող եւ լուսանկարիչ Անդրեյ Բանի կողմից: Անդրեյ Բանն ապրիլյան վերջին շաբաթն անցկացրել է Արցախում:

Հոդվածում Անդրեյ Բանը փորձել է անկեղծորեն վերլուծել եվրոպացու համար անհասկանալի արցախյան խնդիրը` այն  ներկայացնելով որպես հայ ժողովրդի ողբերգություն ու հայ ժողովրդի հաղթանակ: Երկու էջի վրա ներկայացված է Գանձասարի ինտերիերի լուսանկարը` վերնագրված «Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Հայաստանը փառքի են հասել համանման բարձրարվեստ տաճարների եւ եկեղեցիների շնորհիվ» երկտողով: Անդրեյ Բանի արցախ-ադրբեջանական ճակատային գիծ այցելելու պահին, ասես ճակատագրի բերումով, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել է հայ զինվոր, որի թաղմանը հաջորդ օրերին մասնակցել է լրագրողը: Դեպքի շուրջ լրագրողը խոսում է մեծ անհանգստությամբ ու ցավով` ներկայացնելով այն որպես Ադրբեջանի կողմից պատերազմական իրականություն ստեղծելու ագրեսիվ փորձ եւ ահազանգում այդ մասին աշխարհով մեկ:

Անդրեյ Բանը նույնիսկ փորձում  է հասկանալ, թե ինչ վատ բան են արել հայերը` այսպիսի ճակատագրի արժանանալու համար, ու հարցը մնում է անպատասխան: Լինելով Աղդամում նա տալիս է բացատրություն այդ քաղաքի ոչնչացման շուրջ. «Աղդամը ռազմական կենտրոն էր, որտեղից ռմբակոծում էին Ստեփանակերտը եւ այլ հայկական քաղաքները: Հայերը այն ընկալում էին որպես սիմվոլ, որը պետք էր ոչնչացնել: Ասենք այնպես, ինչպես Կարմիր Բանակը ընկալում էր Բեռլինը»: Հոդվածում նաեւ ներկայացված է հարցազրույց ԼՂՀ-ի ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանի եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ, որտեղ խոսվում են Ադրբեջանի կողմից կազմակերպված սումգայիթյան եւ Բաքվի ողբերգությունների, գորբաչովյան սխալների, Թուրքիայի կողմից Ադրբեջանի հովանավորության եւ Արցախը Ադրբեջանի գերիշխանությանը վերադարձնելու անհնարինության մասին: