Ռուսական Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռներն ուղեկցել են դեպի Լեռնային Ղարաբաղ շարժվող խաղաղապահների շարասյունները: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուղղաթիռային էսկադրիլիայի օդաչուներ կատարել են «Էրեբունի» օդանավակայանից դեպի Գորիս եւ Ստեփանակերտ բնակավայրեր երթուղով ընթացող խաղաղապահ ուժերի շարասյունները պաշտպանելու եւ ուղեկցելու խնդիրները», - նշել է ռազմական գերատեսչությունը:

Ուղղաթիռները վերահսկում են կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցումը հակամարտության գոտում, ինչպես նաեւ նյութատեխնիկական գույքի եւ անձնակազմի մոնիտորինգ են իրականացնում:

Ավելի վաղ ութ ուղղաթիռ Ան-124 «Ռուսլան» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով հասցվել էր Երեւանի օդանավակայան:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմատրանսպորտային ավիացիան 3 օրում 1.103 զինծառայող եւ 168 միավոր տեխնիկա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: