Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը` ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու համար, հայտնում է նիդեռլանդական NOS պարբերականը:

Իշխող չորս կողմերը նման խնդրանքով են դիմել` տարածաշրջանում տարբեր հակամարտություններին, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցության պատճառով:

Այս շաբաթ արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ նրանք հանդես են եկել համապատասխան առաջարկով:

Բացի այդ, ըստ նրանց, Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` մասնակցելով  զինված բախումներին Լիբիայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում: Այնտեղ Թուրքիան նավթի որոնման աշխատանքներ է իրականացնում Հունաստանին պատկանող տարածքներում:

Ուշ երեկոյան, Ներկայացուցիչների պալատի խնդրանքով, նախարար Բլոկը հայտարարել է, որ կցանկանար ստանալ իր եվրոպացի գործընկերների աջակցությունը:

Ըստ կոալիցիայի գործընկերների` նախարարների կաբինետը  ԵՄ համատեքստում պետք է անի հնարավոր ամեն ինչ` զենքի էմբարգո սահմանելու համար:

«Թուրքիան կրկին ու կրկին անցել է բոլոր սահմանները: Այժմ վճռական գործողությունների ժամանակն է»,- ասել է առաջարկի հեղինակ, խորհրդարանի` Voordewind քրիստոնեական միությունից պատգամավորը:

Նրա խոսքով` Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` պատերազմին մասնակցելու համար: