Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ամենավատ կանխատեսումները կազմակերպության ապագայի վերաբերյալ իրականություն են դառնում:
Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստն անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում` հաշվի առնելով , որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը: Հենց դա էլ առաջացրել էր ադրբեջանական պատվիրակության ղեկավարի զայրույթը, որը դիմել էր Եվրանեսթի բյուրոյին բողոքի նամակով, որում ադրբեջանական քարոզչության ծանոթ ոճով կրկնել էր 20 տոկոս «գրավյալ» տարածքների, էթնիկ զտումների, ավելի քան 1 մլն. փախստականների եւ ընդհանրապես Ադրբեջանի իրավունքների ոտնահարման մասին ձանձրացնող երգը: Էլհան Սուլեյմանովը հայտարարել էր, թե Եվրանեսթի ԽՎ-ի նիստը Երեւանում անցկացնելն այն օրերին, երբ Հայաստանը տոնում է իր անկախությունը, գրգռիչ ազդեցություն կունենա ադրբեջանցիների վրա:
Վահան Հովհաննիսյանն ի պատասխան նամակ է հղել Եվրանեսթի բյուրոյին, որում ասված է.
«Ես ժամանակին կանխատեսում էի, որ առանձին երկրների ազգային շահերին (անկախ նրանից, թե արդյոք դրանք ճիշտ կամ սխալ են մեկնաբանված) առնչվող որոշ խրթին հիմնախնդիրներ կընդգրկվեն Եվրանեսթ ԽՎ լիագումարների եւ հանձնաժողովների օրակարգերում:
Բայց ես նաեւ նախազգուշացնում էի, որ Ադրբեջանի պատվիրակությունը անխուսափելիորեն կօգտագործի այս (ինչպես նաեւ ցանկացած այլ) միջազգային կազմակերպություն` փոխակերպելով այն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտադաշտի:
Եվ, ցավոք, այդ գործընթացն արդեն սկսված է: Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի թշնամանքով եւ անհիմն մեղադրանքներով լի նամակը դրա առաջին նախանշանն է»,- նշել է Հովհաննիսյանը:



























