Նոր տիպի կորոնավիրուսը հայտնվել է Իտալիայում դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան համարվում էր, որ այն առաջին անգամ ի հայտ է եկել, վկայում է Քաղցկեղի ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտությունը:

Ընդ որում՝ Իտալիայում պացիենտի մոտ կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարին Միլանի մերձակայքում:

Սակայն իտալացի հետազոտողների տվյալները, որոնք հրապարակվել են «Tumori Journal»-ում, վկայում են, որ 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի մարտը թոքերի քաղցկեղի սքրինինգային հետազոտության մեջ մասնակցած 959 առողջ կամավորների 11.6 տոկոսի մոտ ձեւավորվել են կորոնավիրուսի հակամարմիններ փետրվարից շատ ավելի վաղ:

SARS-CoV-2-ի հակամարմինների եւս մեկ սպեցիֆիկ թեստավորում է անցկացվել Սիենայի համալսարանի կողմից նույն հետազոտության շրջանակում «Իտալիայում նախքան համավարակը SARS-CoV-2 հակամարմինների անսպասելի հայտնաբերում» խորագրով:

Այն ցույց է տվել, որ հոկտեմբերի առաջին շաբաթում թվագրված չորս դեպքերում վիրուսը չեզոքացնող հակամարմինները նույնպես մնացել են դրական, այսինքն՝ պացիենտները վարակվել են սեպտեմբերին, Reuters-ին հաղորդել է հետազոտության համահեղինակ Ջովանի Ապոլոնեն: