Իրանն անպայման վրեժ կլուծի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեղավորներից։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սադունի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Mehr-ը։
«Մենք անպայման վրեժ կլուծենք նրանցից, ովքեր կանգնած են գեներալ Սոլեյմանիի սպանության հետեւում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս վրեժը ոչ մի կապ չունի Իրանի գերագույն հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի եւ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ջոկատի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի զոհվելու գործի դատաքննության հետ։
«Անկասկած է, որ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսին շատ վճռորոշ դերակատարում են ունեցել ԻԼԻՊ-ի անկման եւ տապալման, ինչպես նաեւ չարամիտ դավադրությունների կանխման գործում, որ կազմակերպել են սիոնիստական ռեժիմը եւ Միացյալ Նահանգները», նշել է նա։
Այցով Իրանում գտնվող Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սադունն իր կողմից, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրաքին օգնել է ԻԼԻՊ-ի հարձակման ծանր ժամանակահատվածում։
Ղասեմ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսը սպանվել էին հունվարի 3-ին Իրաքի միջազգային օդանավակայանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։





























