«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Երեխաների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված շքեղ տոնական ծրագրի կազմակերպման մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության աջակցությամբ հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կկազմակերպվի ստեղծագործական ծրագիր (նկարչություն, խեցեգործություն, բատիկ):

Տոնական ծրագիրը կշարունակվի համերգով` մանկական պարային համույթների, ջազ-խմբերի եւ հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ եւ կավարտվի հրավառությամբ: 

«ԱրմենՏելն» ուրախ է հրավիրել երեխաներին եւ նրանց ծնողներին մասնակցելու տոնակատարությանը: Հուսով ենք, որ կկարողանանք մեր փոքրիկներին նվիրել անմոռանալի տոնական տրամադրություն, ուրախ ու հետաքրքիր խաղեր եւ դրական զգացմունքների նոր լիցքեր», - նշել է «ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: