Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում։ Անհետ կորած զինվորների հարազատները նախարար Դավիթ Տոնոյանի կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում են պահանջում։
Նախարարության դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։
«50 օր է անցել՝ իմ երեխան չկա, ո՞վ պետք է պատասխան տա մեր երեխեքի համար»,- ՊՆ ներկայացուցիչների հետ զրույցում վրդովված ձայնով ասաց մի կին։
Իրավիճակը փոքր-ինչ սրվեց։ Իրենց որդիների մասին տեղեկություն չունեցող մայրերը չկարողացան իրենց հույզերը զսպել եւ ՊՆ ներկայացուցիչներից պարզաբանումներ պահանջեցին։
Քաղաքացիների խոսքով՝ տեղեկություն կան, որ վիրավոր երեխաներ կան՝ 30 օրից ավելի տարբեր տեղերում թաքնված են, սպասում են։
«Փնտրում եմ եղբորս ու որդուս, որոնք կռվել են այս երկրի համար, թե ինչ է եղել իրենց հետ, չկա տեղեկություն։ Աս կառույցը գցում է այն կառույցի վրա։ Վերջին անգամ էլ ասացին՝ մինչեւ Ադրբեջանը չասի, որ պատրաստ է, գցեցին Ադրբեջանի վրա։ Գնանք Ալիեւին խնդրե՞նք, որ թույլ տա Կարմիր խաչը մտնի մարդկանց հանի։ Տեղեկություն ունենք, որ վիրավոր երեխաներ կան՝ 30 օրից ավելի տարբեր տեղերում թաքնված են։ Այդ վիրավոր զինվորի համար ամեն վայրկյանը կարեւոր է, սպասում է՝ իրեն մեկն օգնության հասնի։ Այսքան քաղաքացիների միջից մի ծնողի չեն ասել՝ արի, երեխուդ գտել ենք, թե զոհված, թե վիրավոր, թե ողջ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցին՝ այս ընթացքում ՊՆ-ից որեւէ պատասխան ստացե՞լ են, քաղաքացին ասաց. «ՊՆ-ից ասում են՝ կատարում ենք աշխատանքներ, այնպես չի պարապ ենք։ Լավ եք անում, աշխատում եք, մի հատ արդյունք ցույց տվեք։ Ասացին, որ Շուշիում 150 դի են հանել, բայց միայն Շուշին չի։ Թող Դավիթ Տոնոյանն իր խոսքի տերը լինի, գա այս ժողովրդին պատասխան տա»։











