Իրանի հյուսիսային սահմաններում վահաբական ահաբեկիչների ներկայությունը դատապարտված է ձախողման: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին` ելույթ ունենալով Ահլ ալ-Բայտի (Մուհամեդ մարգարեի տուն) հետեւորդների միջազգային համաժողովի ժմանակ, հաղորդում է Mehr-ը:

«Այս հանդիպումն անցկացվում է Կովկասի տարածաշրջանի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ վերջին պատերազմի քննարկման համար` Գերագույն առաջնորդ Այաթոլլա Սայեդ Ալի Խամենեիի տեսակետների համաձայն»,- ասել է նա:

Ընդգծելով Իրանի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ընդհանուր սահմանների պատճառով, նա հավելել է. «Այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ Ադրբեջանի օկուպացված մասը պետք է վերադարձվի այդ երկրին, եւ մենք շնորհավորում ենք այս տարածաշրջանի վերադարձն Ադրբեջանին, ինչը մեծ ձեռքբերում է: .. Վահաբական եւ թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունն ադրբեջանցիների մեջ իմաստ չունի, ուստի ադրբեջանական ժողովուրդը կարող է ազատագրել իր երկիրը, եւ վահաբական ​​ահաբեկիչների ներկայությունը Հյուսիսային Իրանում դատապարտված է ձախողման»,- հավելել է նա:

«Բացի այդ, մենք կարծում ենք, որ Իրանի Իսլամական հանրապետության ազգային անվտանգությունը չի ապահովվի` առանց հարեւան երկրների անվտանգության եւ խաղաղության»,- ասել է նա:

Վելայաթին շեշտել է, որ Այաթոլլահ Խամենեիի տեսակետները Կովկասի վերաբերյալ առաջնորդող սկզբունքներ են իրանական պաշտոնյաների համար տարածաշրջանի նկատմամբ եւ ամբողջությամբ կիրականացվեն նրանց կողմից: