Հայաստանի տարածքում գտնվող պատմության, եկեղեցու եւ մշակույթի բազմաթիվ հուշարձաններ բարձիթողի վիճակում են, որոնց մեծ մասն անտարբերության են մատնված թե՛ պետական համապատասխան մարմինների, թե՛ Հայ առաքելական եկեղեցու կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամները:

«Խորովածի մնացորդներ եկեղեցիների պատերի տակ, սմբակավորների հետքեր սրբատեղիների ներսում, կենցաղային աղբ, վանդալիզմի դրսեւորումներ, փարթամ ծառեր գմբեթների վրա, կրծկալներ հուշ-թաշկինակներով լեցուն ծառերին… Ահա միայն փոքր մասն այն ամենի, ինչի ականատեսն ենք դառնում Հայաստանի հնավայրեր այցելելիս»,- նշել է երիտասարդական նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը: Նրա խոսքով, մեկ այլ խնդիր է հասարակության կողմից պատմական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի բացակայությունը:

«Այս խնդրին մեր ուժերի ներածին չափով լուծում տալու համար նախաձեռնության կողմից ամեն կիրակի իրականացվում են հայրենաճանաչողական արշավներ: «Ճանաչիր քո երկիրը»-ի երիտասարդների կոմից ամեն շաբաթ իրականցվող նախաձեռնություններից է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակիից աղբից» ակցիան»,- հայտնել է Բաղդիշյանը` ներկայացնելով լքյալ վիճակում գտնվող հնավայրերի մի շարք լուսանկարներ:

Նշենք, որ նախաձեռնության բոլոր ակցիաները իրականացվում են դրա մասնակիցների անձնական միջոցներով: