NASDAQ OMX Tallinn էստոնական ֆոնդային բորսայի Դուստր ձեռնարկությունը եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կառավարության եւ ՀՀ Կենտրոնական Բանկի հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի NASDAQ OMX-ը կտրամադրի ծրագրային ապահովումը եւ կմատուցի հարակից ծառայություններ՝ Հայաստանում կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը սպասարկելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են բորսայի լրատվական ծառայությունից: Մշակման ւե խորհրդատվության այս նախագիծը կիրականացվի մինչ 2013թ.:

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիների կենսաթոշակային հաշիվների վարման համար հիմք է ընդունվել էստոնական փորձը:

«ՀՀ Կառավարությունը ներկայումս մշակում է անհատական հաշիվների վարման համակարգը Պետական եկամուտների կոմիտեում՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ.-ից եկամտահարկը եւ սոցիալական ապահովության վճարները կփոխարինվեն մեկ հարկով: Պարտադիր կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչի մասով գործընթացներն արդեն սկսվել են, եւ ՀՀ Կենտրոնական Բանկն ու ՀՀ Կառավարությունը ողջունում են արտասահմանյան փորձառու կառավարիչների գիտելիքների կիրառումը եւ փոխանակումը Հայաստանում: Այդ կապակցությամբ որոշ հարկային արտոնություններ են նախատեսված պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր և կամավոր բաղադրիչների շրջանակներում»,- մեկնաբանել է ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ՝ Ահարոն Չիլինգարյանը:

«Էստոնիայում պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործում է մոտ 10 տարի եւ կենտրոնացված հաշիվների վարման համակագը իրեն լավ է արդարացրել»,- ասել է NASDAQ OMX Tallinn-ի Խորհրդի նախագահ՝ Անդրուս Ալբերը: