Մինսկում այսօր` մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարների խորհուրդը մեկնարկեց նեղ կազմով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Արտգործնախարարները նիստի ընթացքում քննարկել են կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համակարգման նպատակով իրականացվող աշխատանքները, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը, ՀԱՊԿ գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:
ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հավաքական Անվտանգության Խորհրդի 2010թ. դեկտեմբերյան որոշումների իրականացման ընթացքը, անդրադարձան միջազգային իրադրության զարգացումներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում գործող համակարգման մեխանիզմների գործունեությունը:
Նախարարական խորհրդի օրակարգում էին նաեւ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանն առնչվող հարցերը, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման ծրագրի նախագիծը:
Նախարարական խորհրդից հետո, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:




























