2010 թվականին Ադրբեջանում էական առաջընթաց չի արձանագրվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում: Այս մասին ասված է 12 երկրների Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 26-ին Բրյուսելում, հաղորդում է Contact.az-ը:

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2011-ի առաջին կիսամյակում ավելացել է ազատազրկված ընդդիմադիրների թիվը: Քաղաքական երկխոսության  եւ ընտրական գործընթացի բարեփոխման, նաեւ դատավորների անկախության ապահովման  անհրաժեշտություն կա:

Թեեւ հաղորդվել է 2011-ին հակակոռուպցիոն արշավ սկսելու մասին, սակայն այդ միջոցառումները կրում են «ոչ պարբերական» բնույթ:

Ադրբեջանը 2010-ին որոշակի առաջընթաց է ունեցել մակրոտնտեսական կայունության, աղքատության դեմ պայքարի ոլորտներում: Երկիրը խուսափել է համաշխարհային ճգնաժամի ծանր հետեւանքներից եւ նորմալ է ավարտել տարին: Էներգետիկ սեկտորում դրական փոփոխություններ կան: 2011-ի հունվարին Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ Հարավային միջացքի աջակցման վերաբերյալ հռչակագիր է ստորագրվել: Դրական տեղաշարժ կա նաեւ կազմակերպված հանցավորության, մարդկանց առեւտրի դեմ պայքարի, գենդերային հավասարության ապահովման առումներով:

Շատ փոքր են ձեռքբերումները կառուցվածքային բարեփոխումների, տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ մենաշնորհների վերացման ոլորտներում: Չկա առաջընթաց Ադրբեջանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու գործում:

2010-ի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններում առաջընթաց չգրանցվեց ժողովրդավարական ընտրական գործընթացների առումով: