Հունիսի 2-ին նշանակված ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որը վերաբերում է Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությանը, հետաձգվել է անորոշ ժամանակով: Բանակցությունները հետաձգելու առաջարկով հանդես է եկել որպես միջնորդ հանդես եկող Շվեյցարիան, «Նովոստի Գռուզիա»-ին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նիկոլոզ Մչեդլիշվիլին:

Նրա խոսքով, բանակցությունները հետաձգելու պատճառը տեխնիկական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունն է:

Այդ հարցով ռուս-վրացական բանակցությունների առաջին փուլը կայացել է այս տարվա մարտին Բեռնում: Այն կայացել է Շվեյցարիայի միջնորդությամբ, քանի որ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ երկխոսություն չկա:

Բանակցությունների հաջորդ  փուլը նախատեսվում էր մայիսին: Սահակաշվիլիի խոսքով, ռուսական կողմի առաջարկները, որոնք վերաբերում են միայն վրացական ապրանքների Ռուսաստան արտահանմանը, այլեւս կառուցողական չեն: