Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սայեդ Խատիբզադեն հայտարարել է, որ Քաբուլում Իրանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության համար ԱՄՆ-ն է պատասխանատու, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ այս հարձակումը պրոքսի-պատերազմի եւ «Աֆղանստանում ԱՄՆ-ի ահաբեկիչ-դաշնակիցների» գործողությունների օրինակ է:
«Այսօր Քաբուլի տարբեր մասերում, այդ թվում նաեւ այդ քաղաքի դիվանագիտական թաղամասում հրթիռային ահաբեկչության ժամանակ, մինչ այժմ կատարված ուսումնասիրությունների համաձայն, առնվազն մեկ հրթիռ ընկել է Քաբուլում Իրանի դեսպանատան ոստիկանական բաժանմունքի տարածքը՝ աննշան վնաս հասցնելով որոշ օբյեկտների եւ սարքավորումների»,- ասել է նա՝ հավելելով, որ, բարեբախտաբար, դիվանագիտական կորպուսի աշխատակիցների շրջանում զոհեր չկան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Քաբուլի վրա հրթիռային հարձակման մասին, որի հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ: Հարձակումը զգալի վնաս է հասցրել նաեւ քաղաքի «կանաչ գոտուն», որում գտնվում են տարբեր երկրների դեսպանատները:




























